Հաշվի առնելով ղարաբաղյան թեմայի նուրբ լինելը, առկա ձեւաչափը փոխելու յուրաքանչյուր փորձ կարող է հանգեցնել բանակցային գործընթացի ջրման, ինչպես նաեւ կարող է կողմերի դիրքորոշումները վերադարձնել նախկին դիրքեր: Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ տեղի ունեցած Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպման արդյունքում հնարավոր է դարձել նվազեցնել զինված հակամարտության մակարդակը, որը բռնկվել էր հակամարտության գոտում հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին եւ մարդկային զոհերի առիթ դարձել:

Կարասինը նաեւ նշել է, որ այդ ճանապարհին կարեւոր նշաձող է 1994-ին կրակի դադարեցումը եւ հրադադարի ռեժիմի ամրապնդումը 1995-ին, որն ընդունվել է Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ:

2008-ի մոսկովյան հռչակագիրն առաջին եւ դեռեւս միակ փաստաթուղթն է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, որի տակ դրված են երկու երկրների նախագահների ստորագրությունը:

Անդրադառնալով բանակցային ձեւաչափի փոփոխությանը, մասնավորապես, բանակցություններին Գերմանիային եւ Թուրքիային ներգրավելու խնդրին, Կարասինը նշել է. «Համարում եմ, որ Մինսկի խմբի շրջանակներում հսկայական միջնորդական փորձ է կուտակվել: Հաշվի առնելով ղարաբաղյան թեմայի նուրբ լինելը, առկա ձեւաչափը փոխելու յուրաքանչյուր փորձ կարող է հանգեցնել բանակցային գործընթացի ջրման, ինչպես նաեւ կարող է կողմերի դիրքորոշումները վերադարձնել նախկին դիրքեր»: