«Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի հացադուլի դադարեցումը Արդարադատության նախարարության կողմից արագ արձագանքման արդյունք է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողներին հայտնել է արդարադատության նախարար հովհաննես Մանուկյանը:
Հարցին, թե հաստատվե՞լ են «Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստների նկատմամն բռնություններ կիրառելու մասին տեղեկությունները, նախարարը պատասխանել է, որ իրավիճակը այս պահին ստուգվում է, ինչպես բռնության մասին ցանկացած հայտարարություն:
«Իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության տակ: Այն, որ Գեւորգ Սաֆարյանը դուրս եկել հացադուլից, կարելի է համարել մեր աշխատանքի արդյունքը: Մենք այդ աշխատանքը կշարունակենք, որպեսզի ապագայում նման դեպքեր չունենանք»,-ընդգծել է Հովհաննես Մանուկյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել էր, որ առավոտյան ժամը 06:35-ի սահմանում «Հիմնադիր խորհրդարանի» շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն իրականացրել: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը: Ավելի ուշ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել են, ապա կալանավորվել: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։
Իր հերթին հաղորդագրություն էր տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:





























