ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արման Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ նա եւ եղբայրը «Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակային հատվածում վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արման Ս.-ն եւ եղբայրը, տեւական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը եւ հասարակության նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքով հարվածել են նրան, իսկ Արման Ս.-ն իր մոտ եղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին:

Հիշեցնենք, որ հիշյալ գիտական կենտրոնի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը ստուգվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից:

Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է եւ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Արման Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: