Ֆինանսների նախարարության NEWS.am-ին տված տեղեկությունների համաձայն՝ 2010 թ. առաջին կիսամյակում պետական բյուջե լրացուցիչ մուտք է գործել 7,7 մլրդ դրամ (մոտ 20 մլն դոլար) եկամտահարկ եւ 6,8 մլրդ դրամ ( մոտ 18 մլն դոլար) սոցապ վճար։ Ավելացված արժեքի հարկից հետո սա պետական բյուջեի եկամուտների ամենամեծ աճն է։ Ընդհանուր առմամբ՝ եկամտահարկի մուտքերը կազմել են 34,5 մլրդ դրամ (մոտ 90 մլն դոլար), իսկ սոցապ վճարներինը՝ 54,7 մլրդ դրամ (մոտ 145 մլն դոլար):

Աճի նման ցուցանիշը հետեւանք է ինչպես աշխատավարձի միջին չափի ավելացման, այնպես էլ ստվերային աշխատավարձերի ծավալների կրճատման։ 2010 թ. հուլիսի դրությամբ՝ միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 104 հազ. դրամ, 2009 թ. հուլիսի 100 հազ. դրամի համեմատ։ Սակայն դոլարային գնահատմամբ միջին աշխատավարձը Հայաստանում նվազել է։ Այսպես 2009 թ. հուլիսին 100 հազ. դրամ միջին աշխատավարձը համարժեք էր 306 դոլարին, իսկ 2010 թ. 104 հազ. դրամ աշխատավարձը կազմում է արդեն 280 դոլար։

Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրով՝ 2014 թ. հունվարի 1-ից եկամտահարկի ու սոցապվճարների փոխարեն կկիրառվի մեկ միասնական հարկ՝ եկամտային հարկ՝ 26 տոկոս տոկոսադրույքով։