Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններով Գերմանիան ցանկանում է վերադառնալ համաշխարհային քաղաքականություն։ Այս մասին մայիսի 1-ին հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը՝  մեկնաբանելով Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ արած հայտարարությունը։

«Հայտարարության նպատակն է Նյուրնբերգյան գործընթացից հետո արդարացնել սեփական պետությանը եւ ցույց տալ, որ Բեռլինը բարոյական իրավունք ունի քաղաքական ճակատով ամրապնդել իր տնտեսական հզորությունը։

Բացի այդ, Գերմանիան դրանով ցույց է տալիս, որ իր վրա պատասխանատվություն է վերցնում Հայոց ցեղասպանության համար որպես դրա մասնակից եւ Օսմանյան Թուրքիայի դաշնակից։ Եվ վերջապես այդ հայտարարությունը ուղղված էր Գերմանիայի  թուրքական համայնքին, որը գերմանացիներին անհանգստացնում է իբրեւ բազմամշակութայնության ձախողման վառ օրինակ»,- ընդգծեց Շիրինյանը։