ԱՄՆ-ը չի ցանկանում Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններում վանել Թուրքիային, այդ դեպքում Անկարան կնետվի Ռուսաստանի գիրկը: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձը, որտեղ վերջինս կրկին չի արտասանել «ցեղասպանություն» բառը:

Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ը սկսի հայտարարել Հայոց ցեղասպանության մասին, Թուրքիան կարող է շարժվել Ռուսաստանի կողմը, իսկ դա կարող է հանգեցնել 1920 թվականին Լենին-Աթաթուրք տանդեմին նմանվող մերձեցման:

Շիրինյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը ԱՄՆ-ից կարող է պատանջել առաջին հերթին անվտանգության երաշխիքներ հայկական երկու պետությունների՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի համար: «Երկրորդ՝ անհրաժեշտ է աջակցություն խնդրել տնտեսության եւ ժողովրդավարացման հարցերում: Կարծում եմ՝ այս հարցում ԱՄՆ-ը չի մերժի, որպեսզի չհայտնվի անհարմար դրության մեջ»,-հավելել է նա: