Բելգիայի Դաշնային խորհրդարանի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարն իր մոտ է կանչել այդ կուսակցության պատգամավոր Էմիր Քիրին՝ ապրիլի 30-ին երկրի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված մեկ րոպե լռությանը ներկա չլինելը բացատրելու համար։ Այս մասին հայտարարել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Էլիո Դի Ռուպոն։
Ինչպես գրում է բելգիական La Libre թերթը, այդ եւ այլ կուսակցությունների թուրք պատգամավորները ներկա չեն եղել Բելգիայի խորհրդարանում հայտարարված լռության րոպեին։ Սակայն Սոցիալիստական կուսակցության 2 պատգամավորներ՝ Օզլեմ Օզենը եւ Նավալ Բեն Համուն, ներկա են եղել հիշատակի արարողությանը։
Ֆրանսալեզու սոցիալիստների ղեկավարը հիշեցրել է այս հարցում իր կուսակցության միանշանակ դիրքորոշումը։ Սոցիալիստական կուսակցությունն էր եղել 1998թ. խորհրդարանական բանաձեւի նախաձեռնողը, որով ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը եւ կոչ էր անում Թուրքիայի կառավարությանը ճանաչել դա։ Էլիո Դի Ռուպոն նշել էր, որ «ցեղասպանությունը անվիճելի փաստ է»։
Հիշեցնենք, որ Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 30-ին նիստից առաջ մեկ րոպե լռությամբ որոշել էր հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հիշեցնենք նաեւ, որ Սոցիալիստական կուսակցության հասցեին վերջին օրերին քննադատություն է հնչում Բելգիայի Բրյուսելյան մայրաքաղաքային խորհրդարանում լռության րոպեի կապակցությամբ։ Նման ձեւակերպմամբ հարգանքի տուրքը սկզբում մերժվել էր «տեխնիկական» պատճառներով. սոցիալիստները բացատրել էին, որ օրենսդիր մարմնին առաջարկել են նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել Միջերկրական ծովում խորտակված նավի զոհերի հիշատակը։ Ոմանք սրանում թուրքական համայնքին չվիրավորելու ջանքեր էին տեսել։





























