Ստամբուլում ոստիկանությունը մայիսի 1-ին արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Շուրջ 150 մարդ հավաքվել է Բեշիքթաշի շրջանում եւ փորձում է անցնել Թաքսիմ հրապարակ՝ մայիսի 1-ին աշխատավորների օրվա կապակցությամբ բողոքի ակցիա անցկացնելու համար։
Իշխանությունների որոշմամբ՝ Թաքսիմ հրապարակն այսօր փակ է լինելու ցանկացած զանգվածային միջոցառումների համար։ Հրապարակի եւ Գեզի զբոսայգու տարածքում մետաղական պատնեշ է անցկացվել։ Այնտեղ մի քանի հարյուր ոստիկան է հերթապահում։
Բեշիքթաշում հավաքված ցուցարարները, չնայած արգելքին եւ իշխանությունների նախազգուշացումներին, սկսել են շարժվել դեպի Թաքսիմ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, որին ի պատասխան, ակցիայի մասնակիցները շշեր եւ դյուրավառ նյութեր են նետել նրանց ուղղությամբ։
Հենց հրապարակում Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամների եւ իրավապահների միջեւ կարճատեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Կան ձերբակալվածներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։



























