«Եվրոպական ազատ դաշինքի» եւ Արցախի ժողովրդական կուսակցության համագործակցությունը փոխշահավետ ու բեղմնավոր կլինի եւ համագործակցության նոր հարթակներ կբացի ինչպես համաեվրոպական, այնպես էլ EFA անդամ կուսակցությունների մակարդակով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է կուսակցության մամուլի քարտուղար Գեորգիոս Պապադակիսը։
Նրա խոսքով՝ երկու կուսակցությունների համագործակցությունը թույլ է տվել մեծացնել եվրոպական քաղաքական կուսակցության տարածքային ընդգրկումը եւ առաջին անգամ կուսակցության քաղաքական արդիականությունն ամրապնդել անկախ կառավարության անդամ կուսակցության հետ, թեեւ այդ անդամը դեռեւս միջազգայնորեն չճանաչված հանրապետության կուսակցություն է։
Ինչպես նշել է Պապադակիսը, երկու կուսակցություններն իրենց գործունեությամբ եւ քաղաքականության մեջ հիմնվում են ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ մարդկային կամքի նկատմամբ հարգանքի վրա, որպեսզի իրենց երկրների ապագան իրենց ձեռքը վերցնեն։ Երկու կուսակցությունները կիսում են արժեքները, երբ խոսքը ազգերի հավասարության, մշակույթների, ժողովրդավարության, ազատության, խաղաղության եւ արդարության ու մարդու իրավունքների պաշտպանության մասին է։
«Մենք վստահ ենք, որ Արցախի ժողովրդավարական կուսակցության եւ EFA-ի դաշինքը մեզ հնարավորություն կտա միմյանց լավ օրինակների վրա սովորել, ինչպես նաեւ փորձ փոխանակում կատարել պայքարի եւ հավակնությունների առումով, որոնք կիսում են մեր եվրոպական ընտանիքի բոլոր անդամները։ Մենք հավատում ենք, որ ԱԺԿ եւ EFA անդամակցությունը տրամաբանական էր եւ պարզ էր, որ երկու կուսակցությունների արժեքները բացարձակ համատեղելի են։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղը ճանաչելու ՄԱԿ անդամներին ուղղված EFA-ի կոչին, մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ է, ազնիվ, ժողովրդավարական, արդար եւ տրամաբանական։
Լեռնային Ղարաբաղի անկախությունը հռչակվել էր 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում, որը անցկացվել էր ՄԱԿ Կանոնակարգին համապատասխան։ Կարեւոր է նշել, որ հանրաքվեին ներկա տարբեր երկրների լրատվամիջոցների դիտորդների գնահատականը շատ դրական էր։ Նրանք նշել էին գործընթացի ճշմարտացիությունը։
Երբ 1992թ. հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդավար ընտրված խորհրդարանը ընդունեց Պետական անկախության հռչակագիրը, նրանք նաեւ դիմեցին ՄԱԿ-ին եւ աշխարհի երկրներին՝ կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Չնայած ԼՂՀ կառավարության բոլոր ջանքերին՝ միջազգային ճանաչումը դեռեւս դիտարկման փուլում է, եւ EFA-ի տեսանկյունից դա մեծ ամոթ է, որը սասանում է ազատ եւ արժանավայել երկրում ապրելու ժողովրդի կամքը։
Միջազգային ճանաչման բացակայությունը անկախ հանրապետությունը թողնում է ռազմական ագրեսիայի մշտական սպառնալիքի տակ, եւ այդ կապակցությամբ EFA-ն կանի ամեն բան, որպեսզի ԼՂՀ հարցը եւ ազատ ու արժանավայել գոյության նրա իրավունքը պահի Եվրոպայի եւ աշխարհի մյուս մասերի օրակարգում։ Որպեսզի այդ սպառնալիքները դադարեն, ՄԱԿ-ի կողմից Ղարաբաղի ճանաչումը անհրաժեշտ փաստ է։
Ընդհանուր առմամբ EFA-ն կարծում է, որ ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տարածաշրջանում կայունության ապահովման անկյունաքարն է եւ կայուն խաղաղության միակ ճանապարհային քարտեզը, որը կարեւոր նշանակություն ունի վերոնշյալ արժեքների գերակայության համար։ Ինչպես նաեւ դա միակ միջոցն է կարգավորել երկրի գոյությունը, որը ձգտում է ապրել եւ զարգանալ, ինչպես աշխարհում ցանկացած այլ նորմալ երկիր»,- ընդգծեց Պապադակիսը։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցությունը ՄԱԿ երկրներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հայտարարությունն ընդունվել է ապրիլի 16-18-ը Գերմանիայի Լուժիցա համայնքի Բաութցեն քաղաքում կայացած ամենամյա վեհաժողովի ժամանակ, որին մասնակցում էր ԼՂՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը։ Լիագումար նիստի ժամանակ Արցախի ժողովրդական կուսակցությունը ասոցացված անդամի իրավունքներով միաձայն ընդունվել է EFA կազմում։





























