Freedom House-ն անհանգստացած է Ադրբեջանում տիրող իրավիճակից եւ միջազգային հանրությանը կոչ է անում հունիսի 12-28-ին կայանալիք առաջին Եվրոպական խաղերի նախօրեին ուշադրություն դարձնել երկրում մամուլի ազատության մռայլ մթնոլորտին։

Turan գործակալության թղթակցի հետ զրույցում Freedom House-ի նոր նախագահ Մարկ Լագոնը ասել է, որ իր կազմակերպությունն անհանգստացած է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա գործադրվող ճնշումներից։ «Մենք շատ անհանգստացած ենք նրանից, որ արեւմտյան կառավարությունները էներգետիկ պաշարների հասանելիություն ունենալու պատճառով կամ հանուն ահաբեկչության դեմ պայքարի եւ անվտանգության ապահովման՝ չեն արձագանքում քաղաքացիական հասարակության ճնշումներին։ Այսօր այդ ճնշումը Ադրբեջանում ավելի է, քան անցյալում»,- ասել է նա։

Freedom House-ի խոսքի ազատության ամենամյա զեկույցում այս տարի Ադրբեջանը 199 երկրների ցուցակում զբաղեցրել է 188-րդ տեղը։

«Ես անհանգստացած եմ, որ նման երկրների կառավարությունները ձգտում են միջազգային միջոցառումներն օգտագործել իրենց հեղինակության համար օգուտ քաղելու նպատակով։ Դրա վառ օրինակը Ռուսաստանում ձմեռային Օլիմպիական խաղերն էին եւ ամառային Օլիմպիական խաղերը Պեկինում։ Այս պարագայում այս ցուցակում կարելի է ավելացնել նաեւ Ադրբեջանը»,- ասել է նա։