Հաագայի դատարանի որոշումն անորոշություն է, քանի որ նրանք ճանաչել են օրինական անկախության հռչակումը, բայց չեն գրել, որ նրանք օրինական են համարում նույն Կոսովոյի անկախ գոյությունը, հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, հավելելով, որ պետք չէ ոգեւորվել Հաագայի դատարանի որոշումից, քանի որ դա որեւէ առնչություն չունի ԼՂ խնդրի հետ: Նրա խոսքով, Կոսովոյում «պատերազմ վարող կողմը զավթել է մի երկրի տարածք եւ այդ տարածքներում եկվոր բնակչության անկախություն է շնորհել», իսկ Ղարաբաղում նման բան չկա:
Շաքարյանը նշեց, որ թեեւ նմանություններ էլ կան Կոսովոյի եւ ԼՂ խնդիրների միջեւ, սակայն տարբերություններն ավելի շատ են եւ Ղարաբաղի հարցը շատ ավելի նման է Կիպրոսի խնդրին, քանի որ եւ Արցախի, եւ Կիպրոսի դեպքում խնդիր էր դրված, որպեսզի «նույն ազգն ապրի նույն պետության սահմաններում»:
Նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միջազգային դատարանի վճիռը ոչ մի կերպ չեն կիրառելու ԼՂ բանակցային գործընթացում եւ Կոսովոյի նախադեպով չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը:




























