Ոչ մի տեղեկություն չկա Դոնի Ռոստովից ցորենով բեռնված նավի ճակատագրի մասին, որի բեռը նախատեսված է Հայաստանի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Սուսաննա Տոնոյանը: Նա նշեց, որ որեւէ տեղեկություն չի կարող հաղորդել դրա մասին: «Մենք ոչինչ չգիտենք»,- ասաց Տոնոյանը:
Ավելի վաղ, NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Վրաստանի ծովափնյա սահմանապահ ծառայության աշխատակիցները հուլիսի 29-ին ձերբակալել են ուկրաինական «Ակորդ» նավը, որի վրա գտնվող ցորենը նախատեսված է Հայաստանի համար: Վրաց սահմանապահները նավը տարել են Փոթիի նավահանգստի տուգանային մաս:
Սահմանապահ ոստիկանությունը նշել է, թե իր այդ քայլի պատճառն այն է, որ նավը ապօրինի մտել է Աբխազիայի ջրային տարածք: Նավը Սուխումում է եղել 2010 թվականի հունիսին:
«Ակորդի» անձնակազմին` 11 ուկրաինացի եւ մեկ ռուս, վրացական ջրային տարածքներում նավագնացության կանոնները խախտելու մեղադրանք է առաջադրվել: Այս գործը մոտ ժամանակներս կհանձնվի դատարան:




























