Հուլիսի 26- 28-ը Ստամբուլում տեղի է ունեցել «Կամրջելով անդունդը» ծրագրի առաջին համաժողովը, որին հայկական կողմից մասնակցել են «Կամրջելով անդունդը» կազմակերպությունը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Հայ-թուրքական բիզնեսի զարգացման խորհուրդը (ՀԹԲԶԽ) եւ ԳԱՅԱ կազմակերպությունը: Այդ կապակցությամբ այդ կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Ծրագիրը սկսվել է 2010թ. ապրիլի 1-ին՝ ՄԶՄԿ նախաձեռնությամբ եւ «Կամրջելով անդունդը» կազմակերպության աջակցությամբ: Համաժողովին նախորդել են Հայաստանի եւ Թուրքիայի ընդհանուր հանրային շահերին եւ խնդիրներին առնչվող վեց հանրային քննարկումներ: Դրանց ընթացքում քննարկվել են երեք ոլորտների՝ շրջակա միջավայրի, կրթության ու գիտության եւ ենթակառուցվածքների խնդիրներ: Քննարկումների արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ Հայաստանում եւ Թուրքիայում երեք մասնակիցներից երկուսը փոխել են կարծիքը՝ ի նպաստ շրջակա միջավայրի, կրթության ու գիտության եւ ենթակառուցվածքների ոլորտներում խնդիրների շուրջ երկխոսության ծավալման:
Այս գործընթացը խորացրել է Հայաստանում եւ Թուրքիայում քննարկումների մասնակիցների գիտելիքներն ու ընկալումը երկու երկրների առջեւ ծառացած խնդիրների եւ դրանց համատեղ լուծումների անհրաժեշտության վերաբերյալ:
Համաժողովը նպատակ ուներ ի մի բերել երկու երկրներում քննարկումների ընթացքում հնչած կարծիքներն ու մտքերը, վեր հանել կողմերի շահերը եւ ուղենշել նշված ոլորտներում համատեղ ծրագրերի հեռանկարները: Համաժողովի մասնակիցները համաձայնության են եկել` նպաստելու կլիմայի փոփոխության մեղմման եւ արձագանքման տարածաշրջանային ընթացիկ եւ նոր նախաձեռնություններին, այդ թվում՝ կլիմայի փոփոխության տարածաշրջանային սցենարների եւ տվյալների փոխանակման կառուցակարգերի մշակման միջոցով: Մասնակիցները կարեւորել են նաեւ անդրսահմանային ջրերի կառավարման եւ կենսաբազմազանության պահպանման խնդիրների լուծման համատեղ ջանքերը: Նրանք նշել են կովկասյան տարածաշրջանում շրջակա միջավայրի պահպանման գործում Թուրքիայի պատրաստակամ համագործակցության եւ տարածաշրջանային բնապահպանական ծրագրերին այդ երկրի ինտեգրման կարեւորությունը, ինչը կամրապնդեր տարածաշրջանային եւ համաշխարհային նշանակության շրջակա միջավայրի խնդիրների լուծումներ փնտրելուն ուղղված Հարավային Կովկասի երկրների ջանքերը:
Ծրագիրը կշարունակվի մինչեւ 2010թ. դեկտեմբերը, երբ Երեւանում կանցկացվի ծրագրի երկրորդ ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում կքննարկվեն երեք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները:




























