Ռուսաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում անանուն աղբյուրների հայտարարությունները, առավել եւս՝ զենքի մատակարարումների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության դեպարտամենտից՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում «Վեդոմոստի» թերթի տեղեկությունները, ըստ որոնց «Ռոսօբորոնէքսպորտ»-ը 2 դիվիզիոն զենիթահրթիռային C-300 համալիրի մատակարարման պայմանագիր է կնքել Ադրբեջանի ՊՆ-ի հետ:

Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք C-300-ի վաճառքը Ադրբեջանին չի հակասում նրան, որ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երկիր, զինում է ԼՂ հակամարտության կողմերից մեկին, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հռետորաբանությամբ, Ռուսաստանի ԱԳՆ-ում պատասխանեցին. «Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ C-300-ների արտահանման նկատմամբ միջազգային արգելքներ չկան, բացառությամբ այն երկրների, որոնց վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պատժամիջոցներ են կիրառվում՝ զենքի առաքման մասով: Ռազմական տեսանկյունից, հակաօդային պաշտպանության համակարգը բացառապես պաշտպանական զինատեսակ է, հետեւաբար չի կարող ազդել ուժերի հավասարակշռության վրա»,- ասված է ՌԴ ԱԳՆ պատասխանում:

«Ընդհանրապես, ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցելով, ռուսական կողմը ուշադիր հետեւում է, որպեսզի տարածաշրջանում իրավիճակի ապակայունացում տեղի չունենա: Այդ ասպեկտը մենք կարեւորում ենք: Ուստի, իհարկե, չկա ոչ մի հիմք ենթադրելու, որ Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցությունը Երեւանի եւ Բաքվի հետ ինչ-որ կերպ հակասում է ՌԴ միջնորդական դերին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԼՂ խնդրի կարգավորման հարցում»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից: