Սոցինտերնն անհանգստացած է փախստակաների եւ ԼՂՀ ու Ադրբեջանի շփման գծում զինված միջադեպերի հարցերով։ Այս մասին Բաքվում հայտարարել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան։

«Համապարփակ խաղաղ համաձայնագրի ձեռքբերման համար անհրաժեշտ է միջազգային հանրության ներգրավվածությունը»,- ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ կարծում է Սոցինտերնի ղեկավարը։

Նրա խոսքով, այսպես ասած, «ճանապարհային քարտեզ» է անհրաժեշտ, որպեսզի պարզ լինի, թե «որտեղ ենք հասել եւ ուր ենք շարժվում»։ Սոցինտերնը պատրաստ է նպաստել դրա ստեղծմանը։

«Մենք ուզում ենք, որպեսզի նրանք, ովքեր այս հակամարտության հետեւանքով դժվար կացության մեջ են հայտնվել, հավատան, որ կան իրենց կարեկցող եւ իրենց սատարելու պատրաստ մարդիկ»,- ասել է Այալան։