Շատ տրամաբանական է, որ ՀՀ ղեկավարությունը, չնայած ԱՄՆ-ի հետ իր սերտ քաղաքական համագործակցությանը, հանդես է եկել Ռուսաստանի հետ տնտեսական ու տեխնոլոգիական համագործակցությունն ընդլայնելու օգտին: Այս մասին հայտարարել է «Էներգոկապիտալ» հետազոտական կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Իգնատյուկը, մեկնաբանելով Հայաստանում ատոմակայանի 1060 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցման շուրջ Երեւանի եւ Մոսկվայի համագործակցությունը:

«Արժե ընդգծել, որ Հայաստանը սեյսմիկ առումով վտանգավոր երկիր է, իսկ այս տարածաշրջանում անվտանգ ԱԷԿ կառուցելու հաջող փորձ ունեն միայն ռուս մասնագետները»,- ասել է փորձագետը: Նա նաեւ նշել է, որ ռուսական կողմը հնարավորություն կստանա ոչ միայն կառուցել նոր ռեակտորը, այլեւ իրականացնել դրա սպասարկումն ու լիցքավորումը: Հաղորդում է «Պոլիտ.ռու»-ն:

«Ներկայումս ռուսական կողմը կառավարում է Հայաստանում միակ ատոմակայանը, որն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի ավելի քան 45 տոկոսը: Ռուսաստանը նաեւ էներգետիկայի համար ավանդական հումք է մատակարարում»,- ամփոփել է Իգնատյուկը:

Նշենք, որ օրերս ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի տարածքում նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին» Ռուսաստանի կառավարության հետ կնքվելիք համաձայնագրի նախագիծը։ Այդ համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի տարածքում, ԱԷԿ-92 նախագծի համաձայն, 1060 ՄՎտ հզորությամբ ջրային էներգետիկ ռեակտորով, 60 տարվա շահագործման ժամկետով, Եվրոպական շահագործող կազմակերպությունների ակումբի (EUR) չափանիշների համապատասխան սերտիֆիկացված նոր միջուկային էներգաբլոկների կառուցում:

Նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները կսկսվեն արդեն 2012-ի վերջին: Նախնական տվյալներով, դրա համար անհրաժեշտ կլինի 5-5,5 մլն դոլար, սակայն վերջնական արժեքը դեռ չի ճշտված: ԱԷԿ-ը դառնալու է Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ սեփականությունը 50/50 հարաբերակցությամբ: