Հայաստանի շահերից է բխում, որ նոր էներգաբլոկի կառուցումն իրականացնի ոչ թե ռուսական, այլ ֆրանսիական ընկերությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  Մաքսային վարչության նախկին պետ, ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը՝ անդրադառնալով ռուս վերլուծաբանների այն պնդմանը, թե Հայաստանն այլընտրանք չուներ եւ նոր էներգաբլոկի կառուցումը պետք է իրագործեր Ռուսաստանի հետ:

«Եթե Հայաստան ասելով նկատի ունեն գործող վարչակարգը՝ Սերժ Սարգսյանի թիմը, ապա ճիշտ են ասում: Այս վարչակարգն իսկապես այլընտրանք չունի եւ ամբողջապես գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Նա ռուսների եւ ոչ մի առաջարկին չի կարող «ոչ» ասել, եթե նույնիսկ այդ առաջարկը չի բխում Հայաստանի շահերից: Այդ առումով ռուսները ճիշտ են՝ ասելով, թե Հայաստանն այլընտրանք չունի»,-նշեց Աբգարյանը: Նա հավելեց, որ ատոմային էներգետիկայի ոլորտում, թե՛ մասնագետների, թե՛ անվտանգության, եւ թե՛ մյուս առումներով առաջատարը Ֆրանսիան է, եւ աշխարհի շատ ԱԷԿ-ներ հենց նրանց նախագծերով են կառուցվում: «Այդ առումով, Հայաստանը պետք է զերծ մնա ռուսական տեխնոլոգիայով  ԱէԿ կառուցելուց, քանի որ այն բավականին խոցելի է: Վառ ապացույցը Չեռնոբիլի վթարն է»:

Աբգարյանն անդրադարձավ նաեւ ռուս վերլուծաբանների այն պնդմանը, թե տարածաշրջանում անվտանգ ԱԷԿ կառուցելու հաջող փորձ ունեն միայն ռուս մասնագետները: «Նրանք նույն հաջողությամբ ասում էին, թե ՍՈՒ-35 կործանիչ ինքնաթիռը  աշխարհի լավագույն ու ամենաուժեղ ինքնաթիռն է: Հետո պարզվեց, որ այդ ինքնաթիռը մի շարք պարամետրերով զիջում է այլ կործանիչների»,-նշեց Աբգարյանը: Նա նաեւ հավելեց, որ գլուխգովանությունը հատուկ է ռուսներին, հատկապես, որ նոր նախագիծը մեծ գումարների հետ է կապված: «Հայաստանի էներգետիկներից շատերի կարծիքով, եթե Հայաստանը նոր էներգաբլոկը կառուցեր միայնակ` առանց որեւէ մեկի աջակցության, դա կբխեր մեր երկրի շահերից եւ մեր երկրի էներգետիկ անկախությունը կմեծանար: Այդ է պատճառը, որ ռուսներն ուզում են ձեռք գցել այս նոր նախագիծը, եւ այդ նախագծի իրագործումը զուտ քաղաքական որոշում է»,-ընդգծեց ՀՀՇ վարչության անդամը:

Նշենք, որ օրերս ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի տարածքում նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին» Ռուսաստանի կառավարության հետ կնքվելիք համաձայնագրի նախագիծը։ Այդ համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի տարածքում, ԱԷԿ-92 նախագծի համաձայն, 1060 ՄՎտ հզորությամբ ջրային էներգետիկ ռեակտորով, 60 տարվա շահագործման ժամկետով, Եվրոպական շահագործող կազմակերպությունների ակումբի (EUR) չափանիշների համապատասխան սերտիֆիկացված նոր միջուկային էներգաբլոկների կառուցում: