Նավթի Brent տեսակի գնի աճը, որն արձանագրվել էր հինգշաբթի, օրվա առաջին կեսին, փոխարինվել է անկումով: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Brent տեսակի հունիսյան ֆյուչերսի գինը լոնդոնյան ICE Futures բորսայում 17:32-ին անկում է ապրել 1.36 դոլարով (2.01%)՝ հասնելով 66.41 դոլարի՝ 1 բարելի դիմաց: WTI տեսակի հունիսյան ֆյուչերսների գինը նյույորքյան բորսայում (NYMEX) այդ ընթացքում նվազել է 1.59 դոլարով (2.61%)՝ հասնելով մեկ բարելը 59.34 դոլարի:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն, անցյալ շաբաթ նավթի պաշարները կրճատվել են 3.88 մլն բարելով՝ հասնելով 487 մլն բարելի: Ըստ «Ինտերֆաքս»-ի, ԱՄՆ-ում անցյալ շաբաթ նավթի արդյունահանումը կրճատվել է օրական 4 հազար բարելով՝ հասնելով օրական 9.37 մլն բարելի:

Միաժամանակ, բենզինի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում աճել են 401 հազար բարելով՝ հասնելով 227.9 մլն բարելի: Իսկ բենզինի պահանջարկը կրճատվել է 1.5%-ով՝ հասնելով օրական 8.79 մլն բարելի:

Ընթացիկ տարում արդյունահանման մեծացման կանխատեսումների մասին հայտարարել են, մասնավորապես, Chesapeake Energy-ն, Carrizo Oil & Gas-ը եւ Devon Energy-ն: EOG Resources-ն էլ հաղորդել է, որ մտադիր է ավելացնել արդյունահանումը, երբ նավթի գինը կայունանա մեկ բարելը 65 դոլարի չափով: