Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ կայուն ռազմաքաղաքական հավասարակշռություն գոյություն ունի, ինչն էլ այսօրվա դրությամբ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման առանցքային բաղադրիչներից է։ Այս մասին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասել է «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում։
Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նշել է ԼՂՀ նախագահը, ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ խախտում է հրադադարը։ Սակայն այդ խախտումները չեն կարող փոխել ուժերի հավասարակշռությունը կամ կոտրել ԼՂՀ ժողորդի եւ նրա բանակի ոգին։
«Մենք պարբերաբար հանդես ենք գալիս փոխվաստահությունն ամրապնդող տարբեր առաջարկություններով։ Օրինակ, առաջարկել ենք շփման գծից հեռացնել դիպուկահարներին, սակայն ադրբեջանական կողմը տորպեդահարում է մեր ցանկացած առաջարկ»,- ասել է նա։
ԼՂՀ նախագահի խոսքով, խնդրի ուժային լուծումը եւ պատերազմական գործողությունների վերսկսումը երբեք չի կարելի բացառել՝ մանավանդ Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ռազմաշունչ հայտարարությունների եւ հակահայ քարոզչության պայմաններում։
Սակայն մեծամասշտաբ գործողությունների հավանականությունը փոքր է։ Առաջին հերթին, հակամարտող կողմերի միջեւ ուժերի արդյունավետ հավասարակշռություն գոյություն ունի։ Երկրորդ, պատերազմը հղի է չնախատեսված հետեւանքներով։
«Միաժամանակ պետք է նշել, որ ԼՂՀ պաշտպանական բանակը բարձր մարտունակություն ունի, եւ մեր զինված ուժերը պատրաստ են ոչ միայն դիմագրավել հնարավոր ագրեսիային, այլեւ անհրաժեշտության դեպքում պատերազմական գործողությունները խորացնել դեպի ագրեսորի տարածքներ»,- ասել է Բակո Սահակյանը։




























