Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն իր սիրուհիների հետ թագավորի պես է ապրել «երազանքի կղզում», գրում է The Daily Mail-ը։ Թերթը վկայակոչում է Խուան Ռեյնալդո Սանչեսի «Ֆիդել Կաստրոյի երկակի կյանքը. Իմ 17 տարիները El Lider Maximo-ի անձնական թիկնապահի կարգավիճակում» գիրքը, որը վաճառքի կհանվի մայիսի 12-ին։

Հաղորդվում է, որ գաղտնի կղզին Կայո Պյեդրայի «արեւադարձային դրախտն» է, որտեղ Կաստրոն իբր թե ժամանակ է անցկացրել իր սիրուհիների հետ։ Պարբերականը նշում է, որ կուբացի առաջնորդը ժողովրդից թաքցրել է իր սիրավեպերն ու շքեղ կյանքը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ նրան է պատկանել Aquarama II շքեղ զբոսանավը։

Սանչեսը 17 տարի շարունակ Կաստրոյի անձնական թիկնապահն էր։ Պաշտոնաթող լինելու իր ցանկության պատճառով Սանչեսը 2 տարի անցկացրել է բանտում, ասված է հոդվածում, փոխանցում է Gazeta-ն։