«Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին առավելագույն ինքնավարություն տրամադրելու առաջարկ անելով, այդ երկրի քաղաքական գործիչներն, ուղղակի քաղաքական սպեկուլյացիաայով են զբաղվում: Անցյալին վերադարձ չկա եւ դա, կարծում եմ, բոլորին է պարզ»,- այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը`«Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:
«Մենք արդեն ունեցել ենք այդ ինքնավարությունը 70 տարի` խորհրդային իրականությունում եւ բոլորս գիտենք, թե ինչով այդ ամենն ավարտվեց: Ադրբեջանի կազմում լայն, կամ որեւէ այլ կարգի ինքնավարության մասին խոսք անգամ լինել չի կարող: Հակամարտությունն Ադրբեջանի հետ կարող է լուծվել միայն մեկ եղանակով` միջազգային ասպարեզում ԼՂՀ անկախությունը իրավաբանորեն ճանաչելով»,- ասել է Բակո Սահակյանը:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի ներկա փուլին, ԼՂՀ նախագահը նշել է, որ վերջնական եւ համապարփակ կարգավորման հասնելու հարցում շոշափելի առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է առաջին հերթին, վերականգնել լիարժեք ձեւաչափը, որտեղ բանակցային կողմ կլինի նաեւ Արցախի հանրապետությունը: «Դրա համար անհրաժեշտ է միայն հետեւել 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշմանը: Ի դեպ, այդ գագաթաժողովը փաստացի դարձավ ստեղծարար, քանի որ հենց այդտեղ որոշվեց ԵԱՀԽ-ն դարձնել ԵԱՀԿ, ինչպես նաեւ ստեղծել ԵԱՀԿ Միսնկի խումբը»,- ասել է նա:
Ըստ բակո Սահակյանի, առանց ԼՂ մասնակցության` որպես բանակցությունների լիիրավ կողմ, հակամարտությունը լուծելն ուղղակի անիրական է: Դա խոստովանում են նաեւ միջազգային դիտորդները, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Մենք մեր կողմից պատրաստ ենք Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների եւ ցանկացած հարցի քննարկման, որի մասին մշտապես հայտարարում ենք: Ղարաբաղյան կողմի կարծիքը հաշվի չառնելն, ուղղակի անհնար է, նույնիսկ հաշվի չառնելով, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետեւանքով դֆորմացվել է բանակցային ձեւաչափը: Կարծում եմ, որ բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնումը ընդամենը ժամանակի հարց է»,- ասել է նա:




























