ԼՂՀ գերագույն դատարանի վճռաբեկ պալատն արդեն նշանակել է ադրբեջանցի դիվերսանտներ, ԼՂՀ-ում ազատազրկված Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի գործով առաջին նիստի օրը:

NEWS.am-ի հետ զրույցում 22 տարվա ազատազրկման դատապարտված Գուլիեւի փաստաբան Արկադի Իսրայելյանը հայտնեց, որ նիստը նշանակվել է մայիսի 27-ին:

Նշենք, որ դիվերսանտների փաստաբանները բողոքարկում են նախորդ երկու ատյանների կայացրած որոշումները, որոնց համաձայն՝ Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։