Օգոստոսի 15-ին, Թուրքիայի Իմրալի կղզու բանտում ցմահ ազատազրկված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլահ Օջալանը երկրի իշխանություններին պետք է ներկայացներ ճանապարհային քարտեզ՝ քրդական հարցի կարգավորման համար։ Հետագայում, սակայն պարզ դարձավ, որ Օջալանի ճանապարհային քարտեզը դեռ պատրաստ չէ։

Նա իր փաստաբանների միջոցով փոխանցել է հետեւյալը. «Քրդական հարցի պատասխանատվությունը միայն իմ ուսերին գցելով գործը առաջ չի գնա։ Այն պետք է միասին առաջ տանենք։ Թուրքիայի իշխանությունը քրդական հարցի կարգավորման փաթեթով մի նոր գործընթաց է սկսել։ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից Թուրքիայի հանրապետությունը ստեղծելու չափ կարեւոր մի գործընթաց։ Ժողովրդավարական մի հասարակություն է կառուցվելու։ Ես չեմ ընդունի ԱՄՆ-ի կողմից Բարզանիին (Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավար շրջանի նախագահ) տրված ֆեդերացիան։ Իմ առաջարկած լուծման տարբերակը հետեւյալն է. Թող լինի մեկ պետություն, որի մի կողմում ժողովրդավարական քրդական ազգը կլինի։ Քրդերը կճանաչեն եւ կընդունեն պետության գոյությունը, իսկ պետությունն իր հերթին կընդունի քրդերի` որպես ժողովրդավարական ազգ լինելու իրավունքը։ Սա է իմ առաջարկած տարբերակը։

Ամեն ինչ պետք է վերից վար փոխվի։ Հասարակությունը սկզբից պետք է վերակառուցվի, կրկին ժողովրդավարացվի։ Իմ առաջարկած լուծմամբ թուրքերն էլ, քրդերն էլ իրենց լեզուները, մշակույթները, ոճերը պետք է ի հայտ բերեն եւ կողք կողքի ապրեն»:

Օջալանը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ն եւ մյուս քաղաքական ուժերը Միջին Արեւելքում նոր քաղաքականություն են սկսել եւ այդ գործընթացում չեն ցանկանում տեսնել PKK-ին: «Նրանք ստիպված են հասկանալ, որ զենքով չեն կարող վերացնել PKK-ն։ Նրանք ցանկանում են զինաթափել PKK-ին, բայց ստիպված են լինելու փոխզիջման գնալ մեր հետ: Ես հետեւում եմ Ֆեթուլահ Գյուլենին (իսլամական շարժման ղեկավար, հոգեւոր քարոզիչ եւ փիլիսոփա Գյուլենի շարժումը համարվում է „Արդարություն եւ զարգացում“ կուսակցության կրոնական հենքը: Նրա շարժումը Թուրքիայի ամենազդեցիկ իսլամական շարժումն է եւ գործում է նաեւ երկրի սահմաններից դուրս), կարդում նրա գրածները, որոնք բացասական չեմ գնահատում եւ ժողովրդավարական հիմքերում փոխադարձ մոտեցումները հնարավոր եմ համարում»,- ասել է նա:

Օջալանը նաեւ ցավակցել է քրդերի սիրած երգիչ, հայազգի Արամ Տիգրանի մահվան կապակցությամբ. «Արամ Տիգրանը Հունաստանում իր մահկանացուն կնքեց։ Ի դեմս նրա ընտանիքի, ցավակցում եմ մեր հայրենակիցներին եւ հայ ժողովրդին։ Արամ Տիգրանը Միջին Արեւելքի սոխակն էր։ Նա երգում էր քրդերեն, հայերեն, արաբերեն, հունարեն եւ այլ լեզուներով»,- ընդգծել է քուրդ առաջնորդը: