Վարկերը կամ չվճարված հաշիվները խորը դեպրեսիայի են հանգեցնում ավելի հաճախ, քան հիփոթեքը կամ կրթության համար վարկերը: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ Վիսկոնսինի համալսարանին առընթեր Ֆինանսական անվտանգության կենտրոնի եւ Աղքատության ուսումնասիրության ինստիտուտի հետազոտողները:

Նրանք վերլուծել են ԱՄՆ-ի բնակչության շրջանում 1987-1989 եւ 1992-1994 թվականներին անցկացված հարցումների արդյունքները, երբ չվճարված պարտքերի աճի ծավալներն ամենաբարձրն են եղել:

Արդյունքների համաձայն, ճնշված վիճակն ավելի հատուկ է կարճաժամկետ պարտք ունեցողներին: Ըստ «Ռոսբալտ»-ի, ամենախոցելին միջինից բարձր կրթություն չունեցող 51-64 տարեկան անձիք են:

Պատճառն այն է, որ վարկային քարտերի պարտքն օգտագործվում է դրամն անմիջապես ծախսելու համար եւ ենթադրում է ավելի բարձր տոկոսներ, ժամանակին չվճարելու դեպքում՝ ավելի մեծ տուգանք: Մյուս կողմից, բնակչությունը երկարաժամկետ վարկերը որպես միջոցների ներդրում է դիտարկում: