Որոշ մարդիկ սիրում են գիշերը սնվել: Եվ, որպես կանոն, նրանց ձգում է վնասակար, բայց շատ համեղ սնունդը: Բրիգամ Յանգի համալսարանը պարզել է նման վարքագծի պատճառը: Ըստ Medical News Today-ի, պարզվում է, որ օրվա տարբեր ժամերի ուղեղը տարբեր կերպ է արձագանքում սննդին:
Երեկոյան պարգեւի զգացողության եւ ուտելիքի տեսքի հետ կապված ուղեղի արձագանքը բթանում է: Արդյունքում, ուշ երեկոյան սնունդ ընդունելիս մենք ավելի պակաս հաճույք ենք ստանում: Դա մեծացնում է չափից ավելի ուտելու վտանգը, ինչն ապացուցվել է 15 առողջ կանանց մասնակցությամբ անցկացված հետազոտության արդյունքում:
Գիտնականները նրանց ցածր եւ բարձր կալորիականությամբ սննդի 360 նկար են ցուցադրել՝ միաժամանակ հետեւելով նրանց ուղեղի արձագանքին:
Ըստ MedDaily-ի, նկարները նախ ցուցադրել են առավոտյան (6:30-8:30-ն ընկած ժամանակահատվածում), իսկ հետո՝ երեկոյան (17:00-19:00-ին): Ինչպես եւ սպասվում էր, կամավորների ուղեղն արձագանքել է բարձր կալորիականությամբ մթերքներին: Սակայն զարմացրել է այն փաստը, որ երեկոյան ցուցադրված նկարներն ավելի պակաս ակտիվությամբ են ընդունվել ուղեղի կողմից:
Ընդ որում, կամավորները երեկոյան քաղց չեն զգացել, սակայն ավելի շատ են մտածել սննդի մասին եւ պատրաստ են եղել ավելի շատ ուտել:





























