Իսպանիայի իշխող Ժողովրդական կուսակցության (ԻԺԿ) եւ Իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցության ներկայացուցիչները համատեղ որոշում են կայացրել մայիսի 9-ին նախանշված նախընտրական արշավը դադարեցնելու մասին՝ կապված Սեւիլիայում ռազմական ինքնաթիռի կործանման հետ: Այս մասին տեղեկացնում է ԻԺԿ կայքը:

«Ժողովրդական կուսակցությունը որոշել է դադարեցնել մայիսի 9-ի նախընտրական արշավը՝ ցավակցություն հայտնելով Սեւիլիայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ: Իսպանիայի վարչապետ եւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Մարիանո Ռախոյի եւ Իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսի հեռախոսազրույցի արդյունքում երկու ղեկավարները համաձայնել են դադարեցնել այսօրվա նախընտրական արշավը»,- ասված է ԻԺԿ կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրությունում:

Airbus A400M ռազմական ինքնաթիռը կործանվել է Սեւիլիայի օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց, տեղական ժամանակով 13:00-ին:

Վերջին տեղեկություններով, օդանավում 6 մարդ է եղել: Երեքը զոհվել են, մեկն անհետ կորած է համարվում, իսկ երկու հոգու տեղափոխել են հիվանդանոց: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է: Ավիաաղետի պատճառների հետաքննություն է սկսվել: