Արդեն հասանելի է «Dasaran» կրթական ծրագրի հետ գործակցության արդյունքում մշակված  «Ես գիտեմ. բանակ եւ իրավագիտություն» կրթական  խաղը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ մշակման աշխատանքները  ֆինանսավորվել են ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների  ծրագրի շրջանակում: Խաղը նախատեսված է հանրակրթական դպրոցի աշակերտների ու բոլոր հետաքրքրված քաղաքացիների համար: Այն բոլորին հնարավորություն կընձեռի ավելի լավ հասկանալ իրենց  սահմանադրական իրավունքները, քրեական օրենսդրությունը ու բանակում գործող իրավական կանոնակարգերը:  Խաղը համապարփակ եւ համակողմանի գիտելիքներ կհաղորդի աշակերտին մարդու իրավունքների մասին առհասարակ եւ, մասնավորապես, ՀՀ իրավական դաշտի վերաբերյալ: Թիվ 56 հանրակրթական դպրոցում խաղի մեկնարկման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Ես գիտեմ. բանակ եւ իրավագիտություն» կրթական  խաղը նոր համալրում է ՀՀ քաղաքացիների իրավունքների ճանաչմանն ուղղված ավանդական ու այլընտրանքային կրթական ռեսուրսների շարքում, իսկ ապագա զորակոչիկների համար խաղն ապահովում է գիտելիքներ բանակում իրենց իրավունքների պաշտպանության  համար:

Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանության կողմից՝ աջակցելու ժողովրդավարական նախաձեռնություններին Հայաստանում: