Արագածոտնի մարզում գտնվող Ամբերդ ամրոցի տարածքում կայծակի հետեւանքով մահացածը Պռոշյան գյուղից է: Գյուղապետ Արթուր Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երիտասարդը հարեւանի հետ գնացել էր եկեղեցի՝ մոմ վառելու, կայծակը խփել է եւ տեղում այրվել: Երիտասարդը ամուսնացած էր, ուներ մեկ տարեկան որդի: «Շատ լավ ընտանիք էր, ինքը ընտանիքին նվիրված հայր: Պաշտպանության նախարարությունում էր աշխատում: Կայծակի երկու տեսակ կա, երեւի Հրե գունդ է եղել, մտել է եկեղեցի, տեղում խփել, մահացել է»,-ասաց գյուղապետը:
Արթուր Մուրադյանից տեղեկացանք, որ երիտասարդի հայրը գնացել էր Գերմանիա բուժման, սպասում են նրա վերադարձին, որպեսզի հոգեհանգիստ լինի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզում գտնվող Ամբերդ ամրոցի տարածքում մայիսի 13-ի երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել: ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ամբերդ պատմամշակութային համալիրի տարածքում հայտնաբերվել է Ա. Ա.-ի (ծնվ.1991թ.) կայծակահարված դին։ Իսկ երկու անձը չպարզված քաղաքացի շտապօգնության աշխատակիցների կողմից ստանալով համապատասխան բուժօգնություն՝ հեռացել են տարածքից:





























