Երկրների կառավարությունները պետք է հոգ տանեն այն մասին, թե ինչպես եւ որտեղ են ծախսվում պետական միջոցները։ Այս մասին մայիսի 14-ին Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարների գագաթնաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակներում հայտարարեց մշակույթի, կրթության, երիտասարդության եւ քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Տիբոր Նավրաչիչը։
«Մենք հավաքվել ենք, որպեսզի նշենք մեր համագործակցության 15-ամյակը։ Այսօր մենք բախվում ենք մարտահրավերների հետ, մենք պետք է մեր տեսադաշտից բաց չթողնենք այդ մարտահրավերները, որովետեւ դրանք պետք է որոշեն մեր գործունեությունը, խոսքի ազատության հանդեպ առաջ եկած սպառնալիքները՝ սկսած Փարիզի սարսափելի դեպքերից մինչեւ Քենիայի իրադարձությունները»,- նշեց Նավրաչիչը։ Բարձրագույն կրթության համակարգը 1988թ.-ից ի վեր շատ կարեւոր դեր է խաղացել։ «Անհրաժեշտ է նաեւ հիշել հակամարտությունների մասին, որոնց հետ բախվում է ժամանակակից հասարակությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ գիտելիքների եւ կարծիքների փոխանակումը պետք է միշտ առաջին տեղում լինի։
Անդրադառնալով Եվրոպայում տիրող իրավիճակին՝ Նավրաչիչը հիշեցրեց, որ բուռն աճին հաջորդել է ոչ պակաս բուռն անկումը։ «Երիտասարդությունը նորարարություն եւ քաղաքացիական ակտիվություն է ցուցաբերում։ Երիտասարդների զբաղվածության լավագույն երաշխիքը որակավորման փոխադարձ ճանաչումն է։ Աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ է նրանց գիտելիքները համապատասխան դարձնել աշխատաշուկային։ Թվային հեղափոխությունը ստեղծում է ինչպես հնարավորություններ, այնպես էլ մարտահրավերներ։
Մենք դեռեւս փորձում ենք լուծել խնդիրները, որոնք ստեղծում են պետական սահմանները։ Նորագույն տեխնոլոգիաները հնարվորություն են տալիս ավելի լավ աշխարհ ստեղծել։ Սակայն չնայած առանձին կառույցների ջանքերին՝ շատ երկրներում այդ հարցով հստակ ռազմավարություն չկա։ Վստահեցնում եմ, որ Եվրոպան հետ չի մնա։ Մենք ստեղծել ենք եւ ստեղծում ենք ապագայի համալսարանների մոդելներ»,- ընդգծեց եվրահանձնակատարը։




























