Փաստաբանական դպրոցի ավարտական գրավոր քննություններից կտրվել են երկու հոգի: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը:
Փաստաբանի լիցենզիա չի ստացել ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը եւ Տավուշի մարզի նախկին դատախազ, այժմ Տավուշի քննչականի պետ Աննա Մանթաշյանը: Սիմոն Բաբայանը շեշտեց, որ պետք չէ այստեղ սենսացիաներ փնտրել. նորմալ ընթացակարգ է, ուսումնական գործընթաց, կարող է յուրաքանչյուրն էլ կտրվել:
«Մեր մոտ ըստ պաշտոնյանների դասակարգում չկա, ըստ գիտելիքների է դասակարգումը, հանձնաժողովը ստուգել է, գտել է որ աշխատանքը թերի է կատարված, անբավարար են ստացել: Սա անձնական հատկանիշների հետ կապել պետք չէ, կարող է՝ ես էլ հանձնեմ, կտրվեմ, ուսումնական գործընթաց է»,-ասաց Փաստաբանական դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ ապագա փաստաբանները հանձնում են երեք քննություն՝ վարքագծի կանոներ, քրեաիրավական մասով բողոք, վերաքննիչ բողոք, ինչ-որ մի քննությունից բացասական ստանալու դեպքում կտրվում են:
Քննությունից կտրվածները հնարավորություն ունեն հատուկ ծրագրով անցնելու վերապատրաստման դասընթացներ, այնուհետեւ նորից հանձնել որակավորման քննություններ:
Սիմոն Բաբայանից տեղեկացանք, որ այժմ դպրոցում սովորում են դատախազներ, քննիչներ, դատավորներ չկան:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ փաստաբանական դպրոցի ավարտական քննություններից կտրվել են նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ: Փաստաբանի լիցենզիա չի ստացել ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը: Նա ազատվել էր աշխատանքից 2013թ., Գեւորգ Կոստանյանի դատախազ նշանակվելուց հետո: Կտրվել է նաեւ Տավուշի մարզի նախկին դատախազ, այդ պաշտոնից Կոստանյանի օրոք ազատված եւ Աղվան Հովսեփյանի կողմից Տավուշի մարզի քննչականի պետ նշանակված Աննա Մանթաշյանը: Մեզ հասած տեղեկություններով, նրանք չեն հաղթահարել քննության այն փուլը, որի ժամանակ բողոք են գրում: Նորություն չէ, որ իրավապահ համակարգի աշխատողների համար փաստաբանական գործունեությունը շահավետ հանգրվան է: Աշխատանքից ազատված քննիչները, դատախազները, թոշակի գնացող դատավորներն ավարտում են փաստաբանական դպրոցը, լիցենզիա ստանում, որ օր ծերության աշխատանք ունենան: Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, ով 64 տարեկան է եւ 1 տարուց պետք է հրաժեշտ տա դատավորի պաշտոնին, նույնպես սովորել է փաստաբանական դպրոցում եւ լիցենզիա ստացել: Անգամ Սահմանադրական դատարանի դատավոր, ԱԺ նախկին փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանի եղբայրը՝ Գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բագրատ Պետրոսյանը, ով վերջերս ազատվել է աշխատանքից, ցանկանում է փաստաբանությամբ զբաղվել:





























