2013թ.-ի հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով ամբաստանյալ Կարեն Կունգուրցեւը պնդում է, որ տեղի ունեցածի հետ որեւէ առնչություն չունի, նույնիսկ ականատես չի եղել կատարվածին: Այս մասին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստի ժամանակ ասել է ամբաստանյալը:

Նա պատմել է, որ դեպքի մասին որեւէ տեղեկություն չունի, ինչպես նաեւ մանրամասներ է ներկայացրել ոստիկանության բաժանմունքում իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին:

«Իմ պաշտպանյալը պատմել է, որ իրեն ոստիկանությունում ծեծի են ենթարկել, ստիպել են, համոզել, վախեցրել են, սակայն ինքը ոչինչ չի ստորագրել: Կարծում եմ՝ մեղադրող կողմին Կունգուրցեւի ցուցմունքը մտածելու տեղիք կտա»,- NEWS.am-ին ասաց Կունգուրցեւի փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ մայիսի 25-ին դատարանն անցնելու է ապացույցների ուսումնասիրությանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում`վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: