Եվրոպայի Խորհրդի՝ մարդու իրավունքների հարցով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը Եվրամիության երկրներում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին զեկույցում նշել է, որ մարդու իրավունքների ոլորտում մարտահրավերներ կան Եվրամիության  բոլոր երկրներում, գրում է «Կոմերսանտ»-ը։

«Օրինակ՝ Հունգարիայում մենք ուսումնասիրել ենք մամուլի ազատության մակարդակը, ռասիզմի, միգրացիայի եւ հանդուրժողականության հետ կապված խնդիրները։ Վենետիկի հանձնաժողովը քննադատաբար էր մոտեցել մամուլի հետ կապված նոր օրենքներին։ Դրանից հետո որոշակի փոփոխություններ էին մտցվել, սակայն անհանգստությունները դեռ մնում են։

Հունվարին ես այցելեցի Մելիլիո եւ Ֆրանսիա, որից հետո մեծ զեկույց հրապարակեցի գնչուների եւ ներգաղթյալների իրավունքների մասին։ Այնպես որ մարդու իրավունքների ոլորտում մարտահրավերներ կան Եվրոպայի խորհրդի բոլոր երկրներում»,- նշեց Մույժնիեքսը։

Նա հատկապես քննադատել է Ադրբեջանին մարդու իրավունքները ոտնահարելու համար՝ նշելով, որ այնտեղ ամենածայրահեղ իրավիճակն է ստեղծվել։

«Իմ բոլոր ադրբեջանցի գործընկերները՝ իրավապաշտպաններ, անկախ լրագրողներ, բանտ են նստել։ Նրանց ներկայացրած մեղադրանքները լուրջ կասկածներ են առաջ բերում։ Նրանց երբեմն միաժամանակ մեղադրում էին ե՛ւ լրտես, ե՛ւ հեղափոխական լինելու համար»,- նշել է հանձնակատարը։