Սուվերենությունը կարող է խախտվել միայն միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից: Իսկ Ղարաբաղը միջզագային իրավունքի սուբյեկտ չէր հանդիսանում
Հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից արտահայտած խորհրդատվական կարծիքը` օրինակա՞ն էր արդյոք 2008 թ. Կոսովոյի հռչակած անկախությունը, քննարկումների լայն ալիք առաջացրեց Հայաստանում եւ Ղարաբաղում: Կարծիքները շատ դեպքերում իրարամերժ էին: Մի մասը պնդում էր, որ Կոսովոյի դեպքը չի կարող նախադեպ դառնալ Ղարաբաղի համար: Ի դեպ, այս կարծիքին էր նաեւ Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը, ով «Ազատություն» ռադիոկայանի` ադրբեջանական ծառայության հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այդ վճիռը չի կարող նախադեպային դիտվել եւ օգտագործվել մյուս սառեցված հակամարտությունների դեպքում: Մյուսները կարծիք էին հայտնում, որ վճիռը կարող է դառնալ նախադեպ Ղարաբաղի համար:
Վճռի կարեւորության գործոններից մեկն այն է, որ դատարանը եւս մեկ անգամ հաստատեց տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքների իրարամերժ չլինելու փաստը: Վճռի մեջ կոնկրետ նշվում է, որ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած` ինքնորոշման միջազգային իրավունքը այնպիսի զարգացում է ապրել, որ ստեղծել է ինքնորոշման իրավունք այնպիսի ժողովուրդների համար, որոնք գտնվում են այլ տիրապետության տակ եւ ենթարկվում են շահագործման: Շատ պետություններ առաջացել են հենց այս իրավունքի հիման վրա: Նաեւ նշվում է, որ պետությունները իրենց սովորութային գործունեության մեջ չեն դրսեւորել վարքագիծ, որը կառաջացներ միջազգային իրավունքում նոր կանոն եւ կարգելեր հռչակել ինքնորոշում ժողովուրդների կողմից: Սա խոսում է այն մասին, որ միջազգային սովորութային իրավունքը եւս ինքնորոշման խոչընդոտներ չի ստեղծում:
Դատարանը նաեւ վկայակոչում է ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ըստ որի բոլոր պետությունները միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ուժի կիրառումից ընդդեմ ցանկացած այլ պետության տարածքային ամբողջականության եւ քաղաքական անկախության: Հաշվի առնելով վերը նշվածը եւ այլ միջազգային սովորութային իրավունքի սկզբունքները` դատարանը եզրահանգեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի է միայն միջպետական հարաբերություններում: Սա նշանակում է, որ այս սկզբունքը որեւէ առնչություն չունի Ղարաբաղի դեպքի հետ, եւ կոնֆլիկտի կարգավորման համար կիրառելի է ազգերի ինքնորոշման սկզբունքը: Ադրբեջանի այն պնդումները, թե իր սուվերենությունը խախտվել է, անհիմն են, քանի որ սուվերենությունը կարող է խախտվել միայն միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից: Իսկ Ղարաբաղը միջազգային իրավունքի սուբյեկտ չէր հանդիսանում, մինչեւ անկախության հոչակումը:
Հաշվի առնելով վերը նշվածը` կարելի է մի քանի մտահանգումներ կատարել: Դատարանի վճիռը վերահաստատեց այն կարեւոր տեսակետը, որ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները իրարամերժ չեն, դրանք տարբեր սկզբունքներ են` կիրառելի տարբեր իրավիճակների համար: Իսկ Ղարաբաղը պետք է վկայակոչի այս սկզբունքը եւ փորձի փոփոխություն մտցնել բանակցային գործընթացում, քանի որ գործընթացը այսօր ավելի շատ դիտվում է որպես տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:
Սաբինա Ֆրեյզերի այն կարծիքը, որ վճիոը չի կարող նախադեպ հանդիսանալ սառեցված հակամարտությունների համար, անհիմն է այն պատճառով, որ իրականում այն նախադեպ է ստեղծել միջազգային իրավունքում, եւ կարող է վկայակոչվել բոլորի կողմից` լինի դա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, թե այլ միջազգային իրավաստեղծ գործընթացներում:
Իսկ եթե կա նախադեպ, ապա դա չի նշանակում, որ այն ապահովում է պայմաններ բոլորի համար: Պայմանների համար Ղարաբաղը, Հայաստանը եւ Սփյուռքը համատեղ պետք է պայքարեն եւ հասնեն Ղարաբաղի ճանաչմանը` ներկայիս տարածքներով հանդերձ:
Արմեն Գրիգորյան




























