Ավանի Ծարավ Աղբյուր փողոցի 200 բնակիչներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում բնակիչները խնդրում են, որպեսզի Սերժ Սարգսյանը վերանայի Ծարավ Աղբյուրի փողոցի 55/6 շենքի հարեւանությամբ նոր բազմաբնակարան շենքերի կառուցման որոշումը. դրանց կառուցման համար մեկ այլ վայր ընտրվի, փոխարենը երեխաներին միակ կանաչ միջավայր ունենալու հնարավորությունից չզրկվեն:
«Ներկայումս առկա նորակառույց չորս բազմաբնակարան համալիրները (Ավան 1, Ավան 2, Ավան 3, Ավան 4) հարմարեցված են շուրջ 1200 ընտանիքների համար, ինչը միանշանակորեն հիմնավորում է տվյալ տարածքում պուրակի` կանաչապատ տարածքի, հանգստյան գոտու եւ խաղահրապարակի անհրաժեշտությունը: Արդեն իսկ բավականին խիտ բնակեցված թաղամասում եւս մեկ բազմաբնակարան շենքային համալիրի կառուցումը իր բոլոր հետեւանքներով (ավելացող բնակչություն, տասնյակ մեքենաներ, այդ բարձրահարկի ստվերը հարեւան շենքերի վրա եւ այլն) իրական աղետ է տարածքի բնակիչների համար, հատկապես որ այն իրականացվում է հնարավոր միակ կանաչ տարածքի փոխարեն: Համայնքի բնակիչների ճնշող մեծամասնությունը երիտասարդ, մեծացող ընտանիքներ են, որոնց համար առողջ ու անվտանգ միջավայրի ապահովումը երկրի, այս պարագայում մասնավորապես քաղաքային իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լինի»,-ասված է նամակում:
Բնակիչները նշում են, որ այդտեղ պուրակի եւ խաղահրապարակի համար նախատեսված տարածքի գերակշռող մասը վաճառվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը, որը նախատեսում է իրականացնել լայնածավալ շինարարական աշխատանքներ, մյուս մասն էլ Երեւանի պետական համալսարանի Շրջանավարտների միավորմանը՝ բազմաբնակարան բարձրահարկ շենքեր կառուցելու համար: Նախագահականի պաշտոնական կայքում ապրիլի 16-ին հրապարակված նախագծի մակետի նկարից պարզվում է, որ պուրակի փոխարեն իրականում լինելու է մի փոքրիկ ճեմուղի (նախատեսված շուրջ 23000 քմ-ի փոխարեն ընդամենը՝ 5500 քմ կանաչապատ տարածք) եւ կառուցվելու են հսկայական շինություններ: «Այս փաստը եւս մեկ անգամ ապացուցում է քաղաքային իշխանությունների խոսքի եւ գործի անհամապատասխանությունը»,-նշված է նամակում։





























