Սնանկության գործով կառավարչի կողմից առեւտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ, որի արդյունքներով մեղադրանք է առաջադրվել կաշառք տալուն օժանդակողին։
Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Պողոսյանը, օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա, ՀՀ դատական ատյաններում ներկայացրել է Երեւանի մի բնակչուհու շահերը եւ դրդել առեւտրային կաշառք տալուն ու ստանալուն։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիական գործով, բանկում գրավադրված բնակարանը սնանկության գործով կառավարչի միջոցով աճուրդի եղանակով նույն տան բնակչուհու համար շահավետ գնով օտարելու գործընթացը կազմակերպելու համար, նա դրդել է բնակչուհուն՝ կառավարչին առեւտրային կաշառք տալու համար իրեն տալ 2.500.000 դրամ, իսկ վերջինիս դրդել է վերցնել այն։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քաղաքացի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-200-րդ հոդվածի 1-ին մասի եւ 38-200-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է։





























