Հայաստանը շարունակում է հավասարակշռված քաղաքականությունը, որպեսզի Եվրամիության հետ կարողանա լավ հարաբերություններ պահպանել: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Մենք արտաքին քաղաքականություն վարող երկիր ենք եւ չենք կարող այնպիսի քայլեր անել, որոնք կվնասեն մեր շահերին»,-նշեց նա:

Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ Եվրամիության հետ համագործակցելու եզրեր իրենք տեսնում են: «Ռիգայում գագաթաժողովից մեր ակնկալիքը քաղաքական եւ տնտեսական համագործակցության փաստաթուղթ ունենալն է»,- հավելեց նա:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռիգայում մասնակցում է «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին:

Ռիգայի գագաթաժողովի շրջանակում ակնկալվում է Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական շրջանակի ձեւավորման շուրջ բանակցությունների մեկնարկը: