Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Արեւելյան գործընկերության որոշ երկրներում մարդու իրավունքների ակնհայտ վատթարացում է արձանագրում։

Երկու ամիս առաջ հրապարակված զեկույցում եվրոպացի օմբուսմենը քննադատել էր Հայաստանի իշխանություններին՝ մասնավորապես, մտահոգություն հայտնելով, որ «արդարադատությունն ի կատար է ածվում չափաբաժիններով եւ ընտրողաբար. մի կողմից, իշխանությունների հետ ենթադրաբար կապ ունեցող անձանց նկատմամբ դրսեւորվում է մեղմ վերաբերմունք , մյուս կողմից՝ իշխանություններին ընդդիմացողները արժանանում են խիստ վերաբերմունքի եւ պատիժների»։

Այսօր Ռիգայում Մուժինեկսը եւս մեկ անգամ քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Ա1+ անկախ հեռուստաընկերությանն ավելի քան տասը տարի եթեր չտրամադրելու համար։

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանին տված հարցազրույցում Մուժնիեկսը մտահոգություն է, հայտնել, թե թվային հեռարձակման անցնելուց հետո հայաստանյան լրատվամիջոցներում կարող է նվազել բազմակարծությունը կամ վերալիցենզավորման հարցում կամայական մոտեցումներ լինեն։

«Մտահոգությունս այն է, որ թվայնացումը չվատթարացնի իրավիճակը լրատվական դաշտում», - ասել է Նիլս Մուժնիեկսը։

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի խոսքով, ակնհատորեն վատթարանում է վիճակը Ադրբեջանում, որտեղ ականատես ենք իրավապաշտպանների, բլոգերների, իշխանությունների քննադատների դեմ սկսված լայնածավալ ճնշումների, որոնք հատկապես ակտիվացան անցած ամռանը եւ շարունակվում են մինչեւ օրս․ - «Ես բավական հաճախ եմ այս մասին խոսել, նաեւ միջամտել եմ Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված 5 գործերով»։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում