Այսօր՝ մայիսի 21-ին Արցախի Ազգային Ժողովի նիստում ընտրվել են նաեւ հանձնաժողովների նախագահները։
Փակ քվեարկության արդյունքներով մշտական հանձնաժողովների նախագահներ են ընտրվել պատգամավորներ Արզիկ Մխիթարյանը (արտաքին հարաբերությունների), Արպատ Ավանեսյանը (արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի), Ժաննա Գալստյանը (պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի), Հովիկ Ջիվանյանը (պետական-իրավական հարցերի), Արամ Գրիգորյանը (սոցիալական եւ առողջապահության հարցերի), Ռուսլան Իսրայելյանը (ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի) եւ Արմեն Սարգսյանը (գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի):
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը, որին կողմ է քվեարկել 33 պատգամավորներից 28-ը, դեմ՝ 5-ը։
Նշենք, որ Աշոտ Ղուլյանը ԱԺ նախագահ է եղել նաեւ նախորդ երկու գումարումների խորհրդարաններում։ ԱԺ փոխնախագահ է ընտրվել ՀՅԴ-ական պատգամավոր Վահրամ Բալայանը՝ 30 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Անդրանիկ նիստի ավարտին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ համաձայն ԱԺ կանոնակարգի` նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն քսան օր անց` հունիսի 10-ին: Օրակարգում է լինելու ԼՂՀ կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը:





























