Հայաստանի իշխանություններն ամենաշատը վախենում են  զանգվածային անհնազանդությունից, որը ռեժիմին տապալելու միակ ճանապարհն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, լրագրոսղների հետ հանդիպմանն ասաց  «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը:

«Ռեժիմը մեզ ցույց տվեց իրեն հեռացնելու ձևը՝  քաղաքացիական անհնազանդությամբ: Մեր շարժման ռազմավարությունը չի փոխվել, այն եղել է և մնում է ռեժիմին զանգվածային անհնազանդության միջոցով հեռացնելը, և այդ պահն արդեն հասունացել է»,- ասաց Գարեգին Չուգասզյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են  համագործակցել բոլոր այն քաղաքական  ուժերի հետ, որոնք որևիցե առնչություն չեն ունեցել մարտիմեկյան դեպքերին:

 Նրա խոսքով՝  չնայած «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամներն այժմ ազատության մեջ են, նրանք շարունակում են մնալ մեղադրյալի աթոռին:

«Մեր խափանման միջոցը՝ կալանքը, փոխվեց մեկ այլ խափանման միջոցով՝ ստորագրությամբ քաղաքից չբացակայելը, և մեր ամբողջ շարժումը դեռ մեղադրյալի աթոռին է նստած: Ռեժիմը փորձ արեց վերացնել մեր շարժումը՝ իր ստալինյան կարգերով: Սակայն արդյունքում շարժումը ձեռք բերեց ավելի մեծ հեղինակություն՝ ցույց տալով, որ կարող է համագործակցության ճակատը մեծացնել»:

Չուգասզյանի խոսքով՝ չնայած «100-ամյակն առանց ռեժիմի» շարժմանը  չհաջողվեց ռեժիմին ծնկի բերել, բայց ռեժիմն էլ չկարողացավ շարժմանը  ծնկի բերել: