ԼՂՀ-ում մայիսի 8-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, Հայաստանի փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանի ազգական Հարություն Համբարյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ  մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Դ. Հարությունյանին։

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Դ.Հարությունյանը,  խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորել եւ բռնություն է գործադրել զինծառայող Հ.Համբարյանի նկատմամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Դ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով եւ 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ)։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժել է։

Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողոթյուն իրականացնող դատախազը դատարանի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Համբարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նշենք, որ Հարությունը փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանի հոր հորեղբոր որդին էր եւ բնակվում էր նրա հարազատ՝ Արեւաշող գյուղում: