Հուլիսի 28-ին Մարտունիի զորամասերից մեկում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով զոհված զինծառայողների հարազատները որոշել են հանգանակություն կազմակերպել:

Անդրանիկ Սարգսյանի հայրը՝ Սարգիս Սարգսյանը թերթին պատմել է, որ որդու մահվան մասին լուրն իր դաժանությամբ ոչինչ էր որդու դիակի տեսքի համեմատ: «Եթե այսօր ՀՀ ՊՆ-ն ի վիճակի չէ իր զինվորների դիակները նորմալ տեղափոխել, ապա անհրաժեշտ է հանգանակություն կազմակերպել, դիակ տեղափոխելու համար մեքենա գնել եւ նվիրել ՊՆ-ին»,-ասել է նա: Ըստ Սարգսյանի՝ նման մեքենայի արժեքը 60-70 հազար ԱՄՆ դոլար է: «Ամբողջ աշխարհում այսօր մոտ 10 միլիոն  հայ է ապրում: Ես առաջարկում եմ, որ բոլորս միասին հանգանակություն կազմակերպենք: Եթե թեկուզ 8 միլիոն հայ մասնակցի, ամեն մեկը գոնե 30 դրամ տա, կկարողանանք այդ մեքենայից գնել: Գոնե այդ դեպքում ՊՆ-ից չեն ասի, որ մեքենա չունեն, ու չեն կարող զոհվածների դիակները հասցնել ծնողներին»,-երեկ թերթին պատմել է Սարգսյանը եւ հիշեցրել, որ իր որդու ու հուլիսի 28-ին զոհված մյուս զինծառայողների դիակները Երեւան են տեղափոխվել «ուազիկներով» եւ ծնողներին են հանձնել «սեւացած ու որդնած» վիճակում:

Ի պատասխան ծնողների հարցերի, թե ինչու են զավակների դիակները գտնվում նման վիճակում, զինկոմիսարիատի, հետո էլ՝ դիահերձարանի աշխատակիցները պատասխանել են, որ նախ ՀՀ սահմաններից դուրս՝ ԼՂՀ տարածքում որեւէ մեկն իրավունք չունի մշակել զոհված հայաստանցի զինվորականի դին, բացի այդ, ՀՀ ՊՆ-ն չունի համապատասխան մեքենա, որով հնարավոր է զինվորականների դիակներ տեղափոխել՝ չվնասելով դրանք»: