Հայաստանի պաշտպանութան նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը թերթին տված հարցազրույցում անդրադառնալով վերջին երկու շաբաթների ընթացքում բանակային զորամասերում մահվան ելքով տեղի ունեցած միջադեպերին եւ պատասխանելով  հարցին՝ այնուամենայնիվ, այսօ՞ր են նման միջադեպերը շատ, թե՞ տարիներ առաջ, ասենք՝այն ժամանակահատվածում, երբ նա ՊՆ փոխնախարար էր, պատասխանել է. «Որքանով ես գիտեմ, այդ միջադեպերի ցուցանիշները նախկինի՝ 1995-98 թվականների համեմատությամբ նվազման միտում ունեն»: Շիրխանյանն ասել է նաեւ. «Աշխարհում ոչ մի բանակ էլ զերծ չէ նման դեպքերից: Ավելին, կան շատ ավելի քաղաքակիրթ ու զարգացած երկրներ, որտեղ հազար զինվորին ընկնող սպանությունների թիվն անցնում է այն ցուցանիշը, որը կա Հայաստանում, օրինակ՝ ԱՄՆ-ն:

Սա, իհարկե, չի նշանակում, թե ես արդարացնում եմ, որ Հայաստանի բանակում խաղաղ պայմաններում զոհվում են հայ ծնողների երեխաները: Բոլորովին: Բայց ես կտրականապես դեմ եմ, երբ Հայաստանում, որը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում, բանակի դեմ մի հիստերիկ շարժում է սկսվում: …Հիստերիկ շարժում է, երբ բանը հասնում է նրան, որ ասում են, թե ամբողջ բանակն ապականված է կոռուպցիայով, երբ տեղի ունեցած դեպքերն ընդհանրացվում են՝ տարածելով ողջ բանակի վրա: Ես դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար անթույլատրելի եմ համարում»: ՊՆ նախկին փոխնախարարը նաեւ խստորեն քննադատել է քաղաքական այն ուժերին, որոնք այդ միջադեպերն, իր ասելով, շահարկում են բանակի վրա ցեխ նետելու համար՝ համարելով, որ դա դավաճանություն է: