Եվրամիությունը միշտ եւ ոչ երկակի սատարել է Ղարաբաղյան հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորումը: Այս մասին մայիսի 27-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Ե՛վ Ռիգայում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունում, ե՛ւ այլ փաստաթղթերում ԵՄ-ն միշտ սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Եվրամիությունը խնդրի լուծումը տեսնում է 2009 թվականին համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունների հիման վրա: Նազարյանը հիշեցրեց, որ ԵՄ-ն նույնպես ժամանակ առ ժամանակ հանդես է եկել նման հայտարարություններով:

«Հույս ունենք, որ այդպիսի մոտեցումը կարտացոլվի նաեւ ապագայում ընդունվելիք փաստաթղթերում»,- հավելեց ԱԳ փոխնախարարը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության հետաքրքրության մասին է վկայում նաեւ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցչության ինստիտուտի ստեղծումը (2003 թվականին - խմբ.): Նազարյանի խոսքով, Հայաստանն ի սկզբանե ողջունել է այդ ինստիտուտի ստեղծումը: