ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացուց Երեւանում շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ԱՄԷ քաղաքացի, ազգությամբ պարսիկ երիտասարդից, ով Երեւանում սովորում է «Հայբուսակ» համալսարանում, 2015 ապրիլին գրավոր հաղորդում է ստացվել, որ  2015 թվականի մարտին նույն համալսարանի ավտոկայանատեղիում Երեւանի մի բնակիչ   ատրճանակով սպառնացել է եւ գումար պահանջել` հայտնելով,  որ բոլորն իրեն գումար են տալիս:

Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քաղաքացի Հ.Բազարյանին մեղադրանք  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնության գործադրման սպառնալիքով ԱՄԷ քաղաքացուն գումարային պահանջ ներկայացնելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: