Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը կրկին ցանկալին ցանկանում է իրականի տեղ ներկայացնել:
Մամեդովը, մի քանի օր առաջ խոսելով խաղաղարարների տեղակայման հնարավորության մասին, հայտարարել էր. «Ադրբեջանի դիրքորոշումը կայանում էնրանում, որ խաղաղարարների ցանկում չպետք է լինեն հարեւան երկրների զինվորներ: Լավ կլիներ, որ խաղաղարար առաքելությունը բաղկացած լիներ ԵՄ եւ ԱՄՆ խաղաղարարներից»:
NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Մամեդովի հայտարարությունները՝ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց. «Մոտ 10 օր առաջ մեկնաբանել ենք պարոն Մամեդովի նմանատիպ հայտարարությունները: Այժմ կարող ենք եւս մեկ անգամ վերահաստատել նախկինում տրված գնահատականները»:
Հիշեցնենք, որ Տիգրան Բալայանը Նովրուզ Մամեդովի մասին ասել էր, որ նա ոչ միայն անտեղյակ է բանակցային գործընթացից, այլեւ փորձում է ցանկալին իրականության տեղ մատուցել: «Մամեդովի մտքի վերջին գոհարները եւս մեկ անգամ վկայում են նրա անտեղյակության, ցանկալին իրականության տեղ մատուցելու պատրանքի մասին, ինչը բազմիցս հրապարակայնորեն արձանագրվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- նկատել էր Բալայանը:




























