Ի՞նչ կապ ունի՝ ումն է, «կալոնկան» կապ չունի, ուղղակի մեքենայի բալոնը անորակ էր, պայթել է: Այսպես արձագանքեց հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք Չարենցավանում գտնվող գազալցակայանը, որտեղ պայթյուն էր եղել եւ աշխատակիցը մահացել էր, իրեն է պատկանում:
«Դա «Եղիցի լույս» թե չգիտեմ ինչ ՍՊԸ-ինն է, մեքենան եկել է զապռավկա անի, բալոնը տրաքել է, մեր հարազատ մարդը մահացել է: Այո, դեպք է, տեղի է ունեցել, հիմա դա իմն է, Պողոսինն է, թե Սիմոնինը, ի՞նչ էական է, մահացողը իմ շատ մտերիմ ընկերոջ հորեղբորս տղան է: Դա գազի կալոնկա է, որտեղ եկել է մի ժիգուլի, որի վրա դրված է եղել ոչ նորմալ բալոն, գազի ճնշումը նորմալ էր, զապռավկայի ժամանակ մեքենայի բալոնը տրաքել է: Աննորմալ բալոն էր, էժան բալոն, կեսը չլցրած, պայթել է, հիմա քննություն է գնում, կպարզի»,-ասաց գործարարը:
Անցե՞լ էր արդյոք լցակայանը փորձաքննությունը, նորմալ աշխատո՞ւմ էր, թե՞ ոչ՝ հարցից Բարսեղ Բեգլարյանը կարծես վիրավորվեց՝ նշելով, թե «ոնց կարող է աննորմալ լինի, դա մեքենայի մեջ դրած բալոնի անորակությունից է»:
Նա շեշտեց. որ պետք է մեքենայի բալոնները եւս անցնեն փորձաքննություն, քանի որ մարդիկ փող չունեն, էժան բալոններ են դնում եւ նման խնդիրների առաջ կանգնում, իսկ լցակայանը դրա հետ կապ չունի: «Ես կողքը մեծ գործարան ունեմ, դրա համար են կապում, ասում են ՝Բարսեղ Բեգլարյանն է, դա կալոնկա չի, շարժական է, ես դրա հետ կա ունեմ, ես չեմ էլ թաքցնում, որ կապ ունեմ, բայց մի քանի հոգի են, գործարանի կողքն է դրված: Նորից եմ ասում՝ Էս դեպքում խնդիրը կալոնկան չի, այլ «Ժիգուլիի» մեջի բալոնը»,-ասաց նա:
Նշենք, որ Չարենցավան քաղաքի գազալցակայանը, որտեղ տեղի է ունեցել պայթյուն եւ զոհվել է աշխատակիցը, գրանցված չի եղել եւ փորձաքննություն չէր անցել:
Հիշեցնենք, որ Փրկարար ծառայությունը մայիսի 30-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության եւ ՃԿԱԿ օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի Եսայան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ-2101» մակնիշի 34SM551 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ` Խ. Մ.) գազի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչից տեղում մահացել է գազալցակայանի աշխատակից Գ. Ս.-ը (ծնվ. 1960թ.), իսկ Մ. Խ.-ը (ծնվ. 1986թ.) հոսպիտալացվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, ապահովել տեղանքի լուսավորությունը եւ իրականացրել հերթապահություն:





























