«Վերնիսաժի» գործը բարդ գործ է եւ հանրային հնչեղություն ունի, ուստի ամբաստանյալ Գոռ Առաքելյանի նկատմամբ նշանակված համալիր դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննության կազմում մեկ հոգեբանի ներգրավվելը քիչ է: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց գործով մեղադրող Հարություն Սարգսյանը։
«Այս գործը բարդ գործ է եւ հանրային հնչեղություն ունի, Էլդա Գրինից բացի պետք է նաեւ այլ հոգեբաններ ներգրավվեն փորձաքննության հանձնաժողովում»,- ասաց մեղադրողը:
Պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ նախ պարզ չէ, թե վեցհոգանոց հանձնաժողովում միակ հոգեբանը Էլդա Գրինն է, թե ոչ, բացի այդ նրա խոսքով՝ Էլդա Գրինը վաստակավոր հոգեբան է, եւ հանձնաժողովում միայն նրա ներգրավումն էլ է իրենց բավարարում:
Նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ Երեմ Սարգսյանը միջնորդել էր դեպքի օրը ամբաստանյալ Գոռ Առաքելյանի հոգեկան վիճակի ստուգման նպատակով դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը հանձնարարել ՀՀ Առողջապահությանը կից գործող «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնին, որտեղ փորձաքննությունն իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով՝ հոգեբույժ Սեդրակ Թադեւոսյանի նախագահությամբ:
Նիստը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պարզելու, թե հանձնաժողովում քանի հոգեբան է ներգրավված, սակայն վերադառնալով հայտարարեց, որ դա իրենց չի հաջողվել: Եվս մեկ անգամ հեռանալով խորհրդակցական սենյակ՝ դատարանը որոշում կայացրեց փորձաքննությունն իրականացնել հանձնաժողովի նույն կազմով:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:
Նշենք, որ դատախազ Հարություն Սարգսյանը նախորդ նիստին փոխել է առաջադրվող մեղադրանքը: Ըստ նոր մեղադրանքի՝ ամբաստանյալը ոչ թե դիտավորյալ սպանության փորձ է կատարել, այլ դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է հասցրել տուժողներին։ Գոռ Առաքելյանն այժմ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























