«Վերնիսաժի» գործով ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը գրավով չի փոխարինվի: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 1-ին, նման որոշում կայացրեց՝ մերժելով ամբաստանյալի պաշտպան Արայիկ Ալվանդյանի երկրորդ նույնաբովանդակ միջնորդությունը:

Պաշտպանն իր խոսքում նշեց, որ Վալերիկ Հովհաննիսյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու դեպքում ծնողները պատրաստ են ցանկացած գումար վճարել:

 «Իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է փոխվի: Դատավարությունը մոտենում է ավարտին, եւ նա արդեն գործին վերաբերող ամեն ինչ ասել է: Նա ծանր վիրահատություն է տարել, հետվիրահատական եւ ուժեղացված սննդի կարիք ունի, ինչը մեկուսարանի պայմաններում դժվար է ապահովել»,– ասաց պաշտպանը: Պաշտպանը ներկայացրեց նաեւ պաշտպանյալի առողջության վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաեւ Վալերիկ Հովհաննիսյանի հոր՝ Սամվել Հովհաննիսյանի՝ 2-րդ խմբի հաշմանդամ լինելու մասին վկայականը, ինչը, ըստ նրա, ապացուցում է, որ ընտանիքը ի դեմս իր պաշտպանյալի՝ զրկվել է միակ կերակրողից։

Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը նկատեց, որ այդ փաստաթուղթը չի հիմնավորում, որ ընտանիքի միակ կերակրող ձեռքը Վալերիկ Հովհաննիսյանն է:

Մեղադրող Հարություն Սարգսյանը առարկեց խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությանը՝ ընդգծելով, որ Վալերիկ Հովհաննիսյանի կատարած արարքը մեծ վտանգավորության աստիճանի է, եւ նրան կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել:

Ի դեպ, նիստի ընթացքում միջադեպ գրանցվեց. ամբաստանյալի հայրը տեղից վեր թռավ՝ զայրանալով իր որդուն արատավորող մեղադրողի խոսքերից, ինչից հետո դատարանը նրան դուրս հրավիրեց՝ ասելով. «Այս ակտիվ տղամարդը 2-րդ խմբի հաշմանդա՞մ է»:

Դատական նիստը հետաձգվեց անժամկետ: Գոռ Առաքելյանի նկատմամբ նշանակված համալիր դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննության արդյունքները ստանալուն պես կողմերը կծանուցվեն հաջորդ դատական նիստի օրվա մասին:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով: