«Նաիրիտի» մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովի շենքի մոտ պահանջում էին, որ «Նաիրիտի» աշխատավարձերի եւ վերագործարկման հարցերի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներ լինեն:
«Քանի որ էներգետիկայի ոլորտի քննարկումն են անում ներսում, ուզում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնենք «Նաիրիտի» վերագործարկման եւ պարտքերի մարման համար, որպեսզի քննարկում լինի այդ հարցերով եւ ճիշտ լուծումներ գտնեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը:
Նշենք, որ նաիրիտցիները վաղ առավոտից նախագահականի մոտ էին բողոքի ակցիա անցկացնում, այնուհետեւ երթով շարժվել են դեպի Ազգային ժողով:
Բողոքողներին են մոտեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, ՀԱԿ խմբակցությունից՝ Լեւոն Զուրաբյանը եւ «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը:
«Պատգամավորներն իրենց աջակցությունը հայտնեցին մեզ, ասացին, որ բոլոր ջանքերը կգործադրեն մեր խնդիրների կարգավորման համար:Իսկ մեր խնդիրները երկուսն են՝ պարտքերի մարում եւ գործարանի վերագործարկում»,-ասաց Անուշ Հարությունյանը:
Գործարանի մամուլի նախկին քարտուղարը նշեց, որ իրենց հաջորդ բողոքի ակցիան կանցկացնեն հինգշաբթի կառավարության մոտ. «Մենք դեռ սպասում ենք վարչապետի հետ հանդիպմանը, եթե արդյունքի չհասնենք, ոչ միայն նստացույցի, այլ ավելի կտրուկ միջոցների կդիմենք»:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:





























