«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերից առաջինը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծն է, որի շրջանակներում առաջին անգամ ստեղծվում է հայի ինքնությունն արտահայտող ավանդական երգերի ոսկե հավաքածու:

Հիմնադրամից տեղեկացնում են, որ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակում վերածնել, վերաձայնագրել հայկական ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ պահպանելով ու փոխանցելով այն սերունդներին:

Նախագծի խնդիրների և նպատակների շրջանակներում իրականացվել է մասնագետների կողմից նախապես ընտրված ավանդական երգերի նոտագրում և ձայնագրում, ինչպես նաև հայկական ազգային երաժշտությանը վերաբերվող նոտային գրականության հավաքագրում, դասակարգում ու հրատարակում:

Ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր երգեր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր: Ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները: Շուրջ 200 տարի ընդմիջումից հետո ծրագրի շրջանակում համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ կհրատարակվեն հայ հոգևոր երաժշտական մատյանները (Շարակնոցը, Ժամագիրքը): Ընդհանուր առմամբ, 600-ից ավելի երաժշտական նմուշներ հասանելի կդառնան հանրությանը:

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրն իրականացվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և վաստակավոր ու արհեստավարժ երաժիշտների մասնակցությամբ:

Նախագծի պրոդյուսերն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, նախագծի գլխավոր երաժշտական խմբագիրը կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն է, նախագծի համակարգողն է արտ-մենեջեր Մարինա Սուլթանյանը: Նախագծի մտահղացման հեղինակը Արթուր Ջանիբեկյանն է:

Էշխեմետ 

Յարխուշտա

Լույս զվարթ

Լաչին ու մանան

Ալագյազ